Էթիկայի հանձնաժողովը լավագույն ինստիտուտն է` խորհրդարանում քաղաքակրթության մակարդակը բարձրացնելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների օրինագծի համահեղինակն է: Այն արդեն դրվել է շրջանառության մեջ եւ ընդունվելու դեպքում, հաջորդ գումարման խորհրդարանում կլինի էթիկայի հանձնաժողով:
Բոստանջյանի խոսքով, դեռեւս 1995 թվականի ԱԺ-ում եղել է էթիկայի եւ մանդատների հանձնաժողով, սակայն 1995-ին Սահմանադրության ընդունումից հետո որոշվել է ԱԺ-ում ձեւավորել 6 մշտական հանձնաժողովներ, իսկ էթիկայի եւ մանդատների հանձնաժողովը դադարեցրել է իր գործունեությունը:
«Ժամանակակից միտումները վկայում են, որ էթիկայի հանձնաժողովի առկայությունը պարտադիր բնույթ պետք է կրի, քանի որ նրա գործունեությունը ուղղված է լինելու էմոցիաների զսպմանը: Սահմանադրական նորմերը չխախտելու համար, էթիկայի հանձնաժողովը չի ունենա մշտական հանձնաժողովի կարգավիճակ, սակայն, ըստ էության, կգործի մշտապես»,-ասաց Բոստանջյանը:
Նա նաեւ նշեց, որ հանձնաժողովի չի ունենա դատաիրավական լիազորություններ, սակայն միայն այն փաստը, որ ցանկացած հարց` կապված պատգամավորին ոչ հարիր պահվածքի հետ, կարող է քննարկվել այդ հանձնաժողովում, «ինչ-որ առումով զսպաշապիկ կլինի, հատկապես, իշխող շրջանակների համար»:
Միաժամանակ, ըստ պատգամավորի, քննարկման առարկա կարող է լինել պատգամավորի վարքն ինչպես խորհրդարանում, այնպես էլ, դրա պատերից դուրս:
Բոստանջյանը նաեւ վստահություն հայտնեց, որ օրինագիծն անպայման կընդունվի ԱԺ-ում, քանի որ նույնիսկ այն պատգամավորները, ովքեր դեմ են օրինագծին, չեն համարձակվի բարձրաձայն դեմ արտահայտվել դրան:
Նա նաեւ նկատեց, որ էթիկայի հանձնաժողով ստեղծելը դեռ չի նշանակում, որ Հայաստանի ԱԺ-ում էթիկայի հետ կապված խնդիր կա: «Տարբեր երկրների խորհրդարաններում այնպիսի դեպքեր լինում են, որ նույնիսկ մեր ամենաանզուսպ պատգամավորների մտքով չի անցնում նման բան: Այլ երկրների խորհրդարաններում կարելի է տեսնել ծեծկռտուքներ, «ռազբորկաներ», ցենզուրայից դուրս արտահայտություններ միմյանց հասցեին, իսմ մեր ԱԺ-ում նման դեպքեր չեն եղել»,-ասաց պատգամավորը, հավելելով, որ էթիկայի հանձնաժողովը լավագույն ինստիտուտն է` խորհրդարանում քաղաքակրթության մակարդակը բարձրացնելու համար:




























