Արգենտինան դատապարտել է այն, ինչն, իր կարծիքով, «սպառնալիք» է եղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հասցեին այն բանից հետո, երբ Իրանը մերժել է նրա խնդրանքը՝ այցելելու Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից ռմբակոծության ենթարկված միջուկային օբյեկտներ, հայտնում է AFP-ն։

Թեհրանը արգենտինացի Գրոսիին մեղադրել է պրոֆեսիոնալիզմի բացակայության և իր պարտականություններից շեղվելու մեջ այն բանի համար, որ նա այս ամիս չի դատապարտել Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածները, և իրանցի խորհրդարանականները քվեարկել են նրա գլխավորած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու օգտին։

Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունն իր աջակցությունն է հայտնել Գրոսիին՝ հայտարարելով, որ «կտրականապես դատապարտում է Իրանից նրա հասցեին հնչող սպառնալիքները»։ Նախարարությունը նաև կոչ է արել Իրանի իշխանություններին երաշխավորել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի և նրա թիմի անվտանգությունը և «ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է նրանց վտանգի ենթարկել»։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանը ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենք էր ընդունել։