ԱՄՆ կառավարությունը հանել է «Պակշ» ատոմակայանի ընդլայնման հետ կապված պատժամիջոցները, որոնք սահմանել էր Ջո Բայդենի գլխավորած նախորդ վարչակազմը, որը Հունգարիան թշնամի էր համարում, կիրակի հայտարարել է երկրի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, հայտնում է 24.hu-ն։

Հունգարացի նախարարն ընդգծել է, որ մինչև Դոնալդ Թրամփի նախագահությունը Միացյալ Նահանգները «քաղաքական դրդապատճառներով բազմաթիվ որոշումներ է կայացրել, որոնք մեր երկիրը չափազանց բարդ իրավիճակի մեջ էին դնում, ներառյալ անցյալ տարի Դեմոկրատական կուսակցության պարտությունից հետո սահմանված սահմանափակումները»։

Այդ պատժամիջոցային միջոցներից մեկն ուղղված էր խաթարելու Հունգարիայի էներգամատակարարման երկարաժամկետ անվտանգությունը՝ սահմանափակումներ մտցնելով «Պակշ» ատոմակայանի ռուսաստանյան կառուցման վրա, ինչը շինարարության շարունակումը գրեթե անհնար էր դարձնում։

«Բարեբախտաբար, հունվարից Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, մի նախագահ կա, որը Հունգարիան ընկեր է համարում։ Այս ոգով ԱՄՆ կառավարությունը հանել է «Պակշ» ատոմակայանում ներդրումների հետ կապված պատժամիջոցները»,- նշել է նա։

««Պակշ» ԱԷԿ-ի համար խոշոր սարքավորումների արտադրությունը շարունակվում է Ռուսաստանում և Ֆրանսիայում։ «Պակշի» շինհրապարակում շինարարությունն այժմ կարող է նոր թափ ստանալ»,- ընդգծել է Սիյարտոն։

«Սա երաշխավորում է, որ մենք կարող ենք էներգամատակարարումը մեր ձեռքը վերցնել երկարաժամկետ հեռանկարում, իսկ երկարաժամկետ հեռանկարում մենք կարող ենք երաշխավորել, որ հունգարացի ժողովուրդը կվճարի Եվրոպայում ամենացածր կոմունալ վճարները»,- հավելել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։