«Յաբլոկո» կուսակցության նախագահ Սերգեյ Միտրոխինը ձերբակալվել է Մոսկվայում իշխանությունների հետ համաձայնեցրած բողոքի ակցիայից հետո: Հանրահավաքի ավարտից հետո, ոստիկանության աշխատակիցները Միտրոխինին ուղեկցել են դեպի ավտոբուս: «Յաբլոկո»-ի քարտուղար Իգոր Յակովլեւի խոսքով, Միտրոխինին ձերբակալել են այն բանի համար, որ նա ակցիայից առաջ հավաքել է ոստիկանության տեղադրած մետաղական ցանկապատները:
Ոստիկանությունում պնդում են, որ այդ ցանկապատները հանրահավաքի մասնակիցների անվտանգության համար է եղել: Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների փոխանցմամբ, հանրահավաքի անցկացման վայրն ընտրվել է այնպես, որ այնտեղ հնարավոր լինի գնալ միայն մեկ ճանապարհով: Միտրոխինը դիմել է ոստիկաններին` խնդրելով թույլ տալ մարդկանց անցնել այդ տարածք, ապա նաեւ ինքնուրույն մի կողմ է հրել մետաղյա ցանկապատերը, գրում է Lenta.ru-ն:
Կազմակերպված բողոքի ակցիան նվիրված է եղել 2011-ի դեկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծիքներին:
Հանրահավաքի ժամանակ «Յաբլոկոն» ներկայացրել է «Չուրովի ցուցակը», որում, ըստ նրանց, այն մարդկանց անուններն են, որոնք առնչություն են ունեցել ընտրակեղծիքներին:




























