Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում հունիսի 30-ի երեկոյան տեղացած կարկուտի հետևանքով ամբողջությամբ վնասվել են ծիրանի այգիները, ցորենի, գարու բերքը, լոլիկի սածիլները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Դալարիկ համայնքի վարչական ղեկավար Պարգև Սաղաթելյանը ՝ նշելով, որ գյուղում ծիրանի բերքահավաքը նոր էր սկսվել։

«Բերքի 100 տոկոսը վնասվել է։ Նախորդ տարիներին էլ է կարկուտ տեղացել, բայց նման չափի վնաս գյուղը երբևէ չէր կրել։ Այգիներում, տնամերձ հողատարածքներում բերք չի մնացել, ամբողջը վնասել է կարկուտը։ Բնակիչների 80 տոկոսը նոր էր սկսել հավաքել ծիրանը»,–հավելեց վարչական ղեկավարը՝ նշելով, որ Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներն արդեն սկսկել են վնասի գույքագրման աշխատանքները, սակայն փոխհատուցման ծրագրերի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։

Պարգև Սաղաթելյանի խոսքով ուժեղ քամու ու կարկուտի հետևանքով գյուղում հաստաբուն ծառ է արմատախիլ եղել։ Կարկուտի հետևանքով տների տանիքներ ու մեքենաներ չեն վնասվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 30-ի երեկոյան ուժգին կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ,Դալարիկ բնակավայրերում։































