Հունիսի 30-ին Բաքվում «Սպուտնիկ-Ադրբեջան» գործակալության գրասենյակում իրականացված քննչական գործողությունների ընթացքում ձերբակալվել է յոթ մարդ, հաղորդում է «Կոմերսանտը»՝ մեջբերելով Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությանը։ 

Հարուցվել է քրեական գործ՝ խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և գույքի լվացման հոդվածներով։

Յոթ անձանցից երկուսը ձերբակալվել են, իսկ մնացած հինգուն մեղադրանք է առաջադրվել, ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որին հղում է անում APA-ն։ Գործին ներգրավված անձանց անունները չեն նշվում։ 

Մեկ օր առաջ հաղորդվել է, որ խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը ձերբակալվել են։ 

«Russia Today» մեդիա խումբը մանրամասնել է, որ ձերբակալվածների թվում կան նաև Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող խմբագրական անձնակազմի անդամներ։ 

Իրավապահ մարմինները նախօրեին քննչական գործողություններ են իրականացրել «Սպուտնիկ-Ադրբեջան» գրասենյակում։ 

Տեղական իշխանությունների տվյալներով՝ գործակալությունը պետք է դադարեցներ գործունեությունը փետրվարին, սակայն խմբագրությունը հերքում է իր աշխատանքի վրա որևէ պաշտոնական արգելքի մասին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ադրբեջանի դեսպանին ռուս լրագրողների ձերբակալության պատճառով։ Կրեմլը հույս ունի ապահովել նրանց ազատ արձակումը Բաքվի հետ անմիջական շփումների միջոցով։