Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի բնակիչները, որոնք ունեն երկքաղաքացիություն և վարում են վրացական վարորդական իրավունքով, այլևս չեն ենթարկվի տուգանքների Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս մասին հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ։ 

«Այս օրենսդրական փաթեթի կետերից մեկում նշվում է, որ ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց կողմից այլ երկրներում ստացված և 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի կոնվենցիայով սահմանված վարորդական վկայականներին համապատասխանող վարորդական վկայականները հավասարեցվում են ՀՀ տարածքում այդ անձանց հանրապետություն մուտք գործելուց հետո երեք ամսվա ընթացքում գործող վարորդական վկայականներին», - նշել է պատգամավորը։ 

Այսպիսով, ինչպես նշել է Թորոսյանը, ստացվում հետևյալը՝ Վրաստանի գերազանցապես հայաբնակ տարածաշրջանի բնակիչները, որոնք ունեն երկքաղաքացիություն և վարում են վրացական վարորդական իրավունքով, այլևս չեն ենթարկվի տուգանքների Հայաստանի Հանրապետության տարածքում։ 

«Այսօր մենք ընդունում ենք մի օրենք, որի հիմնական շահառուն Ջավախքի հայկական ծագում ունեցող բնակիչն է։ Այսուհետ Հայաստանում ոչ մի ջավախքցի չի տուգանվի վրացական վարորդական իրավունքով մեքենա վարելու համար։ Ի վերջո, նրանք հիմնականում ապրում են Վրաստանում և հետևաբար, չեն ենթարկվի տուգանքների տեսքով պատժի», - ընդգծել է խորհրդարանականը։