ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները ոչ հրապարակային նախապատրաստական աշխատանքներ են սկսել այն մասին, թե ինչպես պետք է դաշինքը վարվի մայրցամաքում ԱՄՆ զորքերի հնարավոր կրճատման դեպքում, հաղորդում է Euractiv-ը։
Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցները համոզված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնվազեցնի Եվրոպայում տեղակայված զորքերի թիվը, որոնք ներկայումս կազմում են մոտ 80,000 և կուղղորդի դրանք դեպի Ասիա և Մերձավոր Արևելք, այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»։ Ահա թե ինչու ՆԱՏՕ-ի ռազմական պլանավորողները քննարկում են երեք հիմնական հարց՝ որքան ամերիկյան զորք կհանվի, որքան կտրուկ կլինի դուրսբերումը և արդյոք եվրոպական ուժերը ի վիճակի են փոխարինել դուրս բերված ամերիկյան զորքերին։
«Հարցը նրանում չէ, թե արդյոք ամերիկյան զորքերը դուրս կբերվեն, այլ նրանում, թե որքանով կարելի է դա անել կարգավորված՝ առանց դաշինքի գործող պաշտպանական ծրագրերը վտանգելու», - ասել է ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը։
ՆԱՏՕ-ն միայն անցյալ տարի է վերանայել իր պաշտպանական ծրագրերը, որոնք ուրվագծում են դաշինքի արձագանքը ցանկացած հնարավոր հարձակմանը: Սակայն այդ ծրագրերը մեծապես կախված են ամերիկյան զենքից, օդուժից և տասնյակ հազարավոր ամերիկյան զորքերից:
Ամերիկյան զորքերի հնարավոր հանկարծակի դուրսբերման վերաբերյալ հատկապես անհանգստացած է ՆԱՏՕ-ի արևելյան թևը: Այս երկրներից մի քանիսը ոչ պաշտոնապես կոչ են անում ՆԱՏՕ-ին արագացնել պաշտպանության վերանայման շուրջ բանակցությունները՝ ԱՄՆ դերի հնարավոր զգալի կրճատմանը նախապատրաստվելու համար:
Սպասվում է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը լուրջ ազդեցություն կունենա Գերմանիայում և Իտալիայում գտնվող հիմնական ամերիկյան ռազմաբազաների վրա։
Տարածաշրջանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ եվրոպական ուժերը կարող են պատրաստ լինել մարտական գործողությունների, սակայն նրանք դեռ հեռու են նրանից, որպեսզի կարողանան փոխարինել ներկայումս տեղակայված ամերիկյան զորքերին։ Հատկապես հաշվի առնելով այն բարդ և թանկարժեք կարողությունները, որոնք բացակայում են եվրոպական երկրներում՝ օդային ուժի, լոգիստիկայի և արբանյակային համակարգերի առումով։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ Եվրոպայում ԱՄՆ զորքերի տեղակայման վերաբերյալ Պենտագոնի գնահատականը պետք է «ավարտվի մինչև ամռան վերջ կամ աշնան սկիզբ»։ Մինչ օրս եվրոպացի դաշնակիցները ԱՄՆ պաշտոնյաներից որևէ տեղեկատվություն չեն ստացել Վաշինգտոնի կողմից իր դիրքորոշման առաջիկա վերանայման մասին, հաստատել են ՆԱՏՕ-ում մի քանի եվրոպացի դիվանագետներ։




























