ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր՝ հուլիսի 3–ին, լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՀԷՑ-ի աշխատակիցներին ազատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղափարը։
Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը խոստացավ ազատել ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, որոնք աշխատելու փոխարեն զբաղված են քաղաքական խարդավանքներով։ «Այն աշխատակիցները, որոնք թողել են աշխատանքը և զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Իսկ նրանք, ովքեր ստիպում են մյուսներին մասնակցել ակցիաներին, ոչ միայն կազատվեն, այլև դատարանի առջև կկանգնեն։ Նրանք, ովքեր դիմադրում են վերոնշյալ երկու խմբերին և շարունակում են կատարել իրենց պարտականությունները, խնդիրներ չեն ունենա։ Իսկ նրանք, ովքեր կազատվեն այդ երկու խմբերին չենթարկվելու պատճառով, հուլիսին անմիջապես կվերականգնվեն աշխատանքում և կստանան չվճարված աշխատավարձը», – գրել է Փաշինյանը իր տելեգրամյան ալիքում։
Լրագրողների հետ զրույցում Գալյանը վստահեցրեց, որ ոչ ոք չի կարող սպառնալ քաղաքացիների կամքի ազատ արտահայտմանը: Փաստորեն, նախարարը մեկնաբանեց միայն Փաշինյանի հայտարարության այն հատվածը, որը վերաբերում է «պարտադրողներին», իսկ սպառնալիքի առաջին մասին նա շրջանցեց։ «Փաշինյանը պարզապես ասում է, որ մասնակցությունը, եթե այն պարտադրված է և ոչ ազատ, կարող է որոշ հետևանքներ ունենալ», - փորձեց իրավիճակը մեղմել Գալյանը։
Նախարարին հիշեցրեցին, որ 2018 թվականին քաղաքացիները մասնակցել են բողոքի ցույցերի աշխատանքային ժամերին և դրա համար ոչ ոք չի պատժվել։ «Եթե խոսքը հեղափոխության մասին է, ապա այնտեղ պարտադրված ոչինչ չի եղել։ Եվ հանրահավաքներին հարկադրաբար մասնակցելու կոչերը հանցագործություն են։ Անհրաժեշտ չէ տրվել սադրանքներին։ Մարդիկ ունեն խաղաղ հավաքների իրավունք, սա անօտարելի իրավունք է։ Սակայն հավաքի անցկացման հետ կապված գործում են որոշակի կանոնակարգեր, որոնք պետք է պահպանվեն», - ասաց Գալյանը։
Ներկայացված ուղիղ հարցին՝ արդյոք ամբողջությամբ ու լիովին համաձայն է Փաշինյանի հետ, Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ, ինչպես մյուս նախարարները, ինքն էլ ամեն օր աշխատում է Փաշինյանի հետ, իսկ երբ առկա է ամենօրյա շփում, անհնար է, որ բոլորը ամեն ինչի հետ լիարժեք համաձայն լինեն։
Սակայն Գալյանը կարծում է, որ եթե քաղաքական թիմի անդամը համաձայն չէ կուսակցության դիրքորոշման հետ, ապա նա պետք է դադարեցնի մասնակցությունը։





























