Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունում շրջադարձային պահ է նշմարվում։ Ըստ իսրայելական և ամերիկյան աղբյուրների՝ կողմերը գրեթե համաձայնության են եկել 60-օրյա զինադադարի շուրջ։ Իսրայելն արդեն համաձայնել է Միացյալ Նահանգների պատրաստած համաձայնագրի նախագծին, գրում է Bild-ը։ Մնացածը ՀԱՄԱՍ-ի որոշելիքն է՝ վերջնական պատասխանը սպասվում է վաղը։

Ըստ The New York Times-ի՝ համաձայնագիրը ներառում է 10 ողջ և 18 մահացած իսրայելցի պատանդների փուլային փոխանցում՝ պաղեստինցի գերիների դիմաց։ Գործընթացը կտևի երկու ամիս և կբաժանվի հինգ փուլի։ Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ը խոստացել է զերծ մնալ պատանդների հանձնման հանրային արարողություններից։

«Հուսով եմ՝ ամբողջ Մերձավոր Արևելքի բարօրության համար ՀԱՄԱՍ-ը կընդունի այդ համաձայնությունը, քանի որ ավելի լավ չի լինելու՝ միայն ավելի է վատանալու»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Իսրայելական բանակը գնահատում է, որ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ մնում է 50 մարդ, որոնցից 27-ը, ենթադրաբար, սպանվել են։