Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը կարող է 2025 թվականին բարձրացնել «ոչ բարեկամական» երկրներից ներմուծվող ծաղիկների վրա դրվող մաքսատուրքերը, հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

«Մենք անցյալ տարի տուրքը դարձրեցինք 20%։ Այս տարի հավանաբար ավելի կբարձրացնենք», -ասել է նա Վոլգոգրադի մարզում կայացած Համառուսաստանյան դաշտային օրվա ժամանակ։

Անցյալ դեկտեմբերին կառավարությունը երկարաձգել է «ոչ բարեկամական» երկրներից ծաղիկների մատակարարման նկատմամբ ավելացված տուրքը մինչև 2025 թվականի վերջը: 2024 թվականի հուլիսից կտրված ծաղիկների և բողբոջների վրա տուրքը կկազմի 20%, բայց ոչ պակաս, քան 1,3 եվրո մեկ կիլոգրամի համար: Մինչ այս այն կազմում էր 5%, բայց ոչ պակաս, քան 0,3 եվրո մեկ կիլոգրամի համար։