Ամերիկյան Թեքսաս նահանգի նահանգապետ Գրեգ Էբոթը, 24 մարդու զոհվելու և մոտ 20-ի անհետ կորելու մասին հաղորդագրությունից հետո, աղետալի իրավիճակ է հայտարարել Կենտրոնական Թեքսասի առավել տուժած մի քանի շրջաններում։ Դրանց թվում են Բանդերան, Կոմալը, Կոնչոն, Գիլեսպին, Քենդալը, Քերը, Քիմբալը, Լանոն, Մեյսոնը, Մըքքալոուն, Մենարդը, Ռիվզը, Սան Սաբան և Թոմ Գրինը, հայտնում է CNN-ը։
Ըստ նրա, այս շրջանները «կստանան բոլոր այն գործիքները, ռազմավարությունները և անձնակազմը, որոնք կարող է նրանց տրամադրել Թեքսաս նահանգը, և այդ հնարավորությունները կլինեն անսահմանափակ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Կենտրոնական Թեքսասի ջրհեղեղը «սարսափելի» է անվանել և խոստացել է դաշնային աջակցություն՝ հետևանքների հաղթահարման համար։
«Սա սարսափելի է։ Ջրհեղեղներ։ Սա ցնցող է։ Նրանք դեռ չգիտեն, թե քանի մարդ է զոհվել, բայց, կարծես թե, մի քանի երիտասարդներ», - լրագրողներին ասել է Թրամփը Air Force One ինքնաթիռում՝ Նյու Ջերսիի իր գոլֆի ակումբ մեկնելիս։
Դաշնային օգնության մասին հարցին նա պատասխանել է. «Օ, այո, կհոգանք նրանց մասին։ Աշխատում ենք նահանգապետի հետ։ Սա սարսափելի է»։