Սերբիայի նախագահին, ինչպես նաեւ ՆԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչին, պատրիարք Իրինեյին եւ ոստիկանության պետ Միլորադ Վիլյովիչին ուզում են սպանել: Մահափորձի մասին նախազգուշացումն ստացել է Սերբիայի Ներքին գործերի նախարարությունը:
Հաղորդագրությունը տեղեկատվական բնույթ է կրել եւ փոխանցվել է կարճ հաղորդագրության միջոցով` ուղարկվելով սերբական բջջային կապի ծառայության օպերատորներից մեկով, հաղորդում է dni.ru-ն` հղում անելով բելգրադյան «Բլից» թերթին:
«Հաղորդագրությունն ուղարկել է իրադրությանը տեղյակ անձ, որին հասել են մահափորձի վերաբերյալ լուրեր», - ասել է թերթի աղբյուրը: Երկրի ՆԳՆ-ն այս ամենին շատ լուրջ է մոտեցել եւ ուժեղացրել անվտանգության միջոցառումները:
Վերջին օրերին սա նախագահի կյանքին սպառնացող հնարավոր մահափորձի արդեն 2-րդ հաղորդագրությունն է: Անցած շաբաթ ոստիկանությունը Բանյա Լուկա քաղաքի մարզահամալիրներից մեկում հայտնաբերել էր մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ նյութեր: Այդ քաղաքում անցկացվում էին Սերբիայի Հանրապետության (Բոսնիա եւ Հերցեգովինա) հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումները: Տոնակատարություններին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, որոնց թվում նաեւ` Թադիչը եւ պատրիարք Իրենեյը:
Այս ամենից հետո ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է համալիրի աշխատակից Բոշկո Ստանիշլեւիչը: 61-ամյա տղամարդը խոստովանել է, որ հենց ինքն է թաքցրել զենքը: Ոստիկանությունը ճշտում է նրա արարքի դրդապատճառները, ինչպես նաեւ կապն այլ մարդկանց հետ:




























