Անցյալ շաբաթ տարօրինակ իրավիճակում է  հայտնվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մեղադրում էր Ֆրանսիային ալժիրցիների ցեղասպանության մեջ: Ալժիրն իր վարչապետի միջոցով խնդրել է Թուրքիային չանհանգստանալ իրենց համար: Այդ մասին գրում է ռուսական «Կոմերսանտ-Վլաստ» թերթը:

Թերթը նշում է, որ Ֆրանսիային համաչափ պատասխան տալու գաղափարը Էրդողանն է հորինել` կապված հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ: Օրինագիծը, որն ուժի մեջ կմտնի երկրի խորհրդարանի վերին պալատի եւ նախագահի կողմից հաստատվելուց հետո, ընդուվել է ստորին պալատի կողմից անցյալ տարվա վերջին` չնայած Թուրքիայի նախազգուշացումներին, որ այդ քայլը կդիտարկվի որպես անբարյացկամ գործողություն Ֆրանսիայի կողմից:

«Վլաստ»-ը նշում է, որ ֆրանսիացի քաղաքական գործիչների համար կարեւոր է նախագահական ընտրությունների նախօրյակին չփչացնել հարաբերությունները երկրում մեծ ազդեցություն ունեցող հայկական համայքի հետ: Դրա համար էլ օրինագիծը մեծ ոգեւորությամբ է ընդունվել:

Հրատարակչությունը գրում է, որ ալժիրցիների պատասխանից հետո թուրքական կողմը ձեւ արեց, որ ոչինչ չի եղել: Ոչ մի պաշտոնական արձագանք չեղավ:

Թուրքական իշխանությունները հնարավորություն ունեն Ֆրանսիային մեղադրելու նաեւ Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության մեջ, որի մեջ ժամանակին Ֆրասիային մեղադրում էին հենց ռուանդական իշխանությունները: Բայց այդ դեպքում եւս թուրքական կողմը հաջողություններ չի ունենա: Ռուանդան ցանկանում է բարելավել հարաբերությունները Ֆրանսիայի հետ եւ չի պատրաստվում Թուրքիայի պատճառով խնդիրներ ստեղծել այդ հարաբերություններում, գրում է «Վլաստ»-ը: