Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գազային բանակցությունները փակուղու են դեմ առել: Կիեւը մտադիր է կրճատել ռուսական գազի գնման ծավալը, իսկ «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերը ուկրաինացիներին խորհուրդ է տվել իրենց գազատրանսպորտային համակարգը (ԳՏՀ) թանգարանում ցուցադրել:
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոն հայտնել է, որ Ռուսաստանը հրաժարվում է ուկրաինական գազատրանսպորտային համակարգին մատակարարման երաշխիքներ տրամադրել: Կիեւն ի պատասխան սկսել է նախապատրաստվել վատագույն սցենարին` ռուսական գազի գնման ծավալի կրճատում` տարեկան 25 մլրդ խորանարդ մետրով: Դրա իրագործումը, ամենայն հավանականությամբ, կպահանջի դատական կարգով «Գազպրոմի» հետ համաձայնագրի խզում, գրում է «Կոմերսանտ Ուկրաինան»
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ռուսական ընկերությունը Սեւ ծովի հատակին կառուցվող «Հարավային հոսք» գազատարում ինչ տեղ է հատկացնում ուկրաինական ԳՏՀ-ին, Միլլերը հայտնել է. «Եթե, ինչպես ասում են Ուկրաինայում, ԳՏՀ-ն պատմական գանձ է, այն, ըստ էության, պետք է տեղակայվի թանգարանում», - գրում է «Ինտերֆաքսը»:
Դժվարություններ են ծագում ուկրաինական ԳՏՀ-ի հիմքի վրա գազատրանսպորտային կոնսորցիում ստեղծելու հարցում: Ուկրաինայի առաջարկած կոնսորցիումում վերջինիս շահույթը կկազմի 34%, ռուսական եւ եվրոպական գործընկերներինը` 33%: Ռուսաստանն էլ նվազագույնը 50%-անոց մասնաբաժին է պահանջում:
Հիշեցնենք, հունվարի 11-ին Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարար Յուրի Բոյկոն հայտարարել էր, որ Ուկրաինան Ռուսաստանից մտադիր է գնել գազի այն ծավալները, որոնք անհրաժեշտ են ուկրաինական տնտեսությանը, այսինքն` ռուսական կողմի հետ պայմանավորվածից կրկնակի պակաս: «Գազպրոմում» զարմացել են այդ խոսքերի վրա եւ հայտարարել, որ Ոււկրաինան ցանկացած դեպքում պետք է պայմանագրում նշված գումարը վճարի:
Ուկրաինան ապարդյուն կերպով փորձում է հասնել ռուսական գազի սակագնի նվազեցմանը: Ռուսական գազի մատակարարման բանակցությունները շարունակվելու են վաղը` հունվարի 17-ին:



























