2011 թվականին Հայաստանը շարունակել է աշխատանքները ՄԱԿ-ի տարբեր հանձնաժողովների եւ կոմիտեների գործադիր մարմիններ ընտրվելու ուղղությամբ: Այս մասին նշված է ԱԳՆ 2011 թվականի ամփոփիչ հաշվետվությունում:

Ըստ այդմ, 2011թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի եւ Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ:

2011թ.-ին ՀՀ-ն շարունակել է իր գործունեությունն արդեն ընտրված մարմիններում` Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում, որտեղ 2010-2011թ-ին Հայաստանը նախագահել է,  Միջազգային առեւտրի իրավունքի հանձնաժողովում (UNCITRAL), Սոցիալական զարգացման հանձնաժողովում (2008-2012թթ.), Ծրագրման եւ համակարգման կոմիտեում (2009-2011թթ.), Վիճակագրության հանձնաժողովում (2009-2012թթ.), ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի ղեկավար խորհրդում (UN-Habitat) (2009-2012թթ.), Կայուն զարգացման հանձնաժողովում (2012-2014թթ.), Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեում (2011-2015թթ.):

Հաշվետու տարվա ընթացքում ՀՀ ընտրվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության պահպանման եւ խթանման կոմիտեում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության միջազգային բյուրոյում։

Հայաստանը ստանձնել է ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեի նախագահությունը 2012թ. ընթացքում։