Մեծ Բրիտանիան սկսել է Եվրամիության հետ քննարկել հարաբերությունների երկարաժամկետ զարգացումը, որը տեսականորեն կարող է ներառել կողմերի միջև տեղաշարժի ազատության վերականգնումը։ Դրա մասին հայտարարել է բիզնեսի հարցերով նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը՝ ընդգծելով, որ վերջնական որոշումը կմնա բրիտանացի քաղաքացիներին, գրում է The Guardian-ը։
Ըստ Ռեյնոլդսի՝ կառավարության գլխավոր առաջնահերթությունն այժմ նոյեմբերին կայանալիք Մեծ Բրիտանիա-ԵՄ գագաթնաժողովում պայմանավորվածությունների հասնելն է։ Ակնկալվում է, որ կողմերը կհամաձայնեցնեն առևտրի պարզեցման միջոցառումները, դրանց թվում՝ սննդամթերքի և խմիչքների վերաբերյալ համաձայնագրերը, ինչպես նաև արտանետումների քվոտաների առևտրի մասին պայմանավորվածությունները։ Սակայն երկրի վարչապետ Էնդի Բերնհեմը մտադիր է գագաթնաժողովից հետո Եվրամիության հետ երկարաժամկետ և կայուն համագործակցության տարբերակներ ներկայացնել։
«Մենք պետք է մի միջոց գտնենք՝ հասկանալու համար, թե ինչպիսին կլինեն մեր երկարաժամկետ հարաբերությունները, և վարչապետը գագաթնաժողովից հետո կներկայացնի իր դիրքորոշումը։ Նա անկեղծորեն կբացատրի բրիտանացիներին, թե ինչ փոխզիջումների պետք է գնալ»,- ասել է Ռեյնոլդսը BBC Radio 4-ի եթերում։
Ըստ նրա՝ կառավարությունը ձգտում է նաև նվազեցնել ԵՄ քաղաքականության փոփոխություններին առնչվող անորոշությունը, որոնք կարող են ազդել Մեծ Բրիտանիայի վրա։
Նախարարը շեշտել է, որ Եվրամիության հետ մերձեցման հաջորդ փուլի վերաբերյալ որևէ նախնական որոշում չի ընդունվել։ Նա հավաստիացրել է, որ քաղաքացիները հնարավորություն կունենան հայտնել իրենց կարծիքը, սակայն չի հստակեցրել՝ դա կարվի համընդհանուր ընտրությունների ժամանա՞կ, թե՞ հանրաքվեով։ «Կորոշի բրիտանական ժողովուրդը։ Այստեղ գլխավորն ինքն է»,- հայտարարել է Ռեյնոլդսը։
Բերնհեմի նախաձեռնությունն արդեն տարաձայնություններ է առաջացրել քաղաքական դաշտում։ Լեյբորիստ Մելանի Օննը նախազգուշացրել է, որ տեղաշարժի ազատության շուրջ նոր քննարկումը կարող է կրկին սրել այն հակասությունները, որոնք առաջացել էին երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու ընթացքում։ Ըստ նրա՝ այդ վեճերի հետևանքները հասարակության մեջ զգացվում են մինչ օրս։
Reform UK կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը քննադատել է Բրյուսելի հետ բանակցությունները՝ հայտարարելով, որ կառավարությունը մանդատ չի ստացել վերադառնալու տեղաշարժի ազատությանը, միասնական շուկային կամ մաքսային միությանը։ Նա այդ հարցերի քննարկումը վաղաժամ է համարել։
Ինքը՝ Բերնհեմն, ավելի վաղ կոչ էր արել տեղաշարժի ազատության վերաբերյալ «ազնիվ քննարկման» և հայտարարել, որ այլևս չի համարում դրանից հրաժարվելը բանակցությունների անբեկանելի պայման։ Նրա կարծիքով՝ միասնական շուկա և տեղաշարժի ազատություն վերադառնալը կարելի էր ընտրողներին առաջարկել նախընտրական ծրագրում՝ առանց առանձին հանրաքվեի։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ լիարժեք վերամիանալը, վարչապետի կարծիքով, նոր քվեարկություն կպահանջեր։




























