Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը կրկին կոչ է արել այս տարվա նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, հաղորդում է ТАСС-ը։
Նա նշել է, որ դա «շահավետ առաջարկ» կլինի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, որն, ըստ սահմանադրության, կկարողանա վերընտրվել միայն վաղաժամկետ քվեարկության դեպքում։
Արձագանքելով ընդդիմության կոչերին՝ Էրդողանը հուլիսի 9-ին խորհրդարանում հայտարարեց, որ նոյեմբերի 2-ին ընդհանուր ընտրությունների անցկացումը կառավարության ծրագրերի մեջ չի մտնում։ Նա շեշտել է, որ ընտրությունները, ինչպես նախատեսված է, տեղի կունենան 2028 թվականին։
«Էրդողանը խուսափում է ընտրություններից և սեփական ժողովրդից։ Նոյեմբերի 2-ին կլրանա նրա հինգ տարվա ժամկետով ընտրվելուց երկուսուկես տարի։ Այդ ժամանակահատվածից հետո դուք [Էրդողան] այլևս չեք կարողանա առաջադրվել։ Ես ձեզ իսկապես լավ առաջարկ եմ անում՝ ընտրություններ 2,5 տարի անց։ Ժամկետի կեսը ձերն է, կեսը՝ մերը։ Բաց մի թողեք այդ հնարավորությունը», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Օզելը։
Նա նաև հավելել է, որ ընդդիմությունն արդեն ունի նախագահի թեկնածու՝ Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Ավելի վաղ Օզելը հայտնել էր, որ Իմամօղլուին որպես նախագահի թեկնածու աջակցելու համար ավելի քան 20 միլիոն ստորագրություն է հավաքվել։




























