Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել ՄԱԿ-ի Խորհրդի օկուպացված պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի նկատմամբ։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ պարզաբանելով, որ պատճառը Ալբանեզեի ԱՄՆ և Իսրայելի քաղաքացիների դեմ քրեական հետապնդում նախաձեռնելու ձգտումն է։

Ռուբիոն նշել է, որ Ալբանեզեն «անօրինական և ամոթալի ջանքեր» է գործադրում՝ ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների, ընկերությունների և ղեկավարների դեմ գործերում Միջազգային քրեական դատարանին (ICC) ներգրավելու համար։ Նա Ալբանեզեի գործողությունները որակել է որպես «տնտեսական և քաղաքական պատերազմ» Վաշինգտոնի դաշնակիցների դեմ։

Ֆրանչեսկա Ալբանեզեն ավելի վաղ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ՄՔԴ-ի կողմից ձերբակալման հրամագրի արձակման օգտին։ Նա միաժամանակ Հռոմի կանոնադրությունը ստորագրած երկրներին կոչ է արել ձերբակալել իսրայելցի առաջնորդներին։ Անցյալ տարի Ալբանեզեն Գազայում ստեղծված իրավիճակը «վերահսկվող ցեղասպանություն» է որակել:

Ինչպես հաղորդել է Washington Free Beacon -ը, Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն պաշտոնական նամակ էր ուղարկել ՄԱԿ՝ նրան հեռացնելու պահանջով՝ մեղադրելով Ալբանեզեին «արմատական ​​հակասեմականության», «ահաբեկչությանը աջակցելու» և Իսրայելի հետ համագործակցող միջազգային ընկերություններին ճնշում գործադրելու մեջ։

Հիշեցնենք՝ 2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ ձերբակալման հրամագրեր էր արձակել՝ Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Իսրայելը փորձեց վիճարկել դատարանի իրավասությունը, սակայն նախաքննության պալատը մերժեց Թել Ավիվի փաստարկները։ Հետագայում Իսրայելը բողոքարկեց որոշումը։