Գիշերը Ռուսաստանը գրեթե տասը ժամ տևած լայնածավալ համատեղ հարձակում է սկսել։ Տասնութ հրթիռ, դրանց թվում՝ բալիստիկ, և մոտ 400 հարձակողական անօդաչու թռչող սարք, որոնցից գրեթե 200-ը «Շահեդ»-ներ են։ Ըստ 24-րդ ալիքի՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի առաջնորդը շեշտել է, որ հարձակման հիմնական թիրախը Կիևն ու մարզն են։ Հարվածների են ենթարկվել նաև մի շարք այլ մարզեր, մասնավորապես՝ Չեռնիգովի, Սումիի, Պոլտավայի, Կիրովոգրադի և Խարկովի մարզերը։
«Ցավոք, Կիևում հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Դա Ռուսաստանի կողմից ահաբեկչության ակնհայտ սրացում է. հարյուրավոր «շահեդ»-ներն ամեն գիշեր, անընդհատ հարվածներ են հասցնում, զանգվածային հարձակումներ իրականացնուըմ ուկրաինական քաղաքների վրա»,- ընդգծել է նա։
Զելենսկին հայտնել է, որ այսօր գործընկերների հետ, մասնավորապես՝ «կամավորների կոալիցիայի» շրջանակում, կքննարկի Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման և անօդաչու թռչող սարքերի արտադրության համար լրացուցիչ ֆինանսավորման հարցը։
«Նպատակները բացարձակապես պարզ են։ Նման ռուսական հարձակումներին պետք է կոշտ արձագանքել։ Մենք հենց այդպես էլ կպատասխանենք»,- եզրափակել է նա։




























