Արտասովոր թռչունը՝ ֆլամինգոն, ոչնչացնում է ցանքերն ու կատաղեցնում  Իտալիայի հյուսիսարևելքի ֆերմերներին, գրում է The Guardian-ը։

Ֆլամինգոներն այս տարածաշրջանում հայտնվել են համեմատաբար վերջերս և բնակություն հաստատել ողողված դաշտերում, որտեղ ռիզոտոյի համար բրինձ են աճեցնում՝ Ֆերարա նահանգում՝ Վենետիկի և Ռավեննայի միջև։

Թռչունները չեն հարձակվում բրնձի ընձյուղների վրա, բայց օգտագործում են իրենց թաղանթավոր թաթերը՝ հողը փորփրելու և ծանծաղուտից կակղամորթներ, ջրիմուռներ կամ միջատներ որսալու համար։ Այս ամենի հետևանքով տուժում են բրնձի ցանքերը։ Այժմ ֆերմերները սկսել են գիշեր-ցերեկ պարեկություն անել՝ թռչուններին բրնձի ցանքերից վանելու համար։ Ֆերմերները ազդանշաններ են տալիս բեռնատարներով, թմբկահարում են և նույնիսկ կրակում փոքր գազային թնդանոթներից, որոնք խլացուցիչ ձայներ են արձակում։

Սակայն աղմուկը հիմնականում ստիպում է ֆլամինգոներին տեղափոխվել հարևան բրնձի դաշտ և տրորել այն։

Ֆլամինգոներն, ըստ երևույթին, ժամանել են մոտակա Կոմակյոյի հովիտներում գտնվող իրենց նախկին բնադրման վայրերից՝ արգելոցից, որը գտնվում է ափին՝ այն վայրից հարավ, որտեղ Իտալիայի ամենաերկար Պո գետը թափվում է Ադրիատիկ ծով։

Ըստ Ռոբերտո Տինարելիի՝ AsOER-ի՝ Էմիլիա-Ռոմանիայի թռչնաբանների ասոցիացիայի նախագահի, թռչուններն այնտեղ ապրում են 2000 թվականից, երբ հարավային Իսպանիայում երաշտը նրանց ստիպել է բնադրման վայրեր փնտրել ավելի արևելքում։ Ըստ Տինարելիի, նախկինում ֆլամինգոները բնակվել են Հյուսիսային Աֆրիկայի լճերում, Իսպանիայի որոշ շրջաններում և Ֆրանսիայի Կամարգ շրջանի որոշ հատվածներում։

Մինչ օրս հետազոտություններ չեն անցկացվել, թե ինչու են այս ֆլամինգոները սկսել սնունդ փնտրել մայրցամաքի խորքում, որտեղ ֆերմերները գարնան վերջից մինչև ամռան սկիզբ մի քանի շաբաթով ողողում են իրենց դաշտերը՝ նոր տնկված բրնձի սերմերի ծլեցման համար։ Քանի դեռ բրնձի դաշտերը չորացված չեն, ֆլամինգոները վտանգ են ներկայացնում։