Իսրայելի պաշտպանության ուժերը (Ցախալ) վերահաստատել են, որ պաղեստինցիներին արգելվում է ծով մտնել Գազայի հատվածի ամբողջ ափի երկայնքով: Այս սահմանափակումը գործում է պատերազմի սկսվելուց՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր, հաղորդում է Times of Israel-ը։

«Հիշեցնում ենք, որ Գազայի հատվածին հարակից ծովային տարածքում սահմանվել են անվտանգության խիստ սահմանափակումներ, և ծով մուտք գործելն արգելված է», - արաբերեն գրել է Ցախալի խոսնակ գնդապետ Ավիչայ Ադրեյը X սոցիալական մեդիա հարթակում։ «Ցախալը կարձագանքի այս սահմանափակումների ցանկացած խախտման։ Մենք  ձկնորսներին, լողորդներին և ջրասուզակներին կոչ ենք անում զերծ մնալ ծով մտնելուց։ Ծովի երկայնքով ծով մտնելը ձեզ վտանգի է ենթարկում»։

Ինչպես նշում են իսրայելական լրատվամիջոցները, Գազայի պաղեստինյան բնակչության մեծ մասը կենտրոնացած է ափամերձ տարածքներում, իսկ լողափերին տեղադրված են վրանային քաղաքներ։

Հստակեցվում է, որ սահմանափակումները չեն վերաբերում լողափում զովանալ ցանկացող պաղեստինցիներին, այլ միայն նրանց, ովքեր ավելի խորն են մտնում ծովը։