Շվեդիան հրաժարվում է հանցագործների վերականգնողական մոտեցումից՝ հօգուտ ամերիկյան մոդելի զանգվածային բանտարկության, քանի որ երկիրը պատրաստվում է տեղեր վարձակալել Էստոնիական բանտերում։ Այդ կերպ նրանք փորձում են տեղավորել արագ աճող բանտարկյալների թիվը, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով փորձագետներին։
Շվեդիայի քրեական արդարադատության համակարգի փոխակերպման համար կատարվում են մի շարք գործընթացներ, որոնցից մեկը բանտային տարածքների աութսորսինգային անցումն է: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ աջ կենտրոնամետ կառավարությունը պայքարում է խմբակային բռնության դեմ, իսկ բանտերում ազատ տեղ չկա։ Անցյալ շաբաթ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հանձնարարել է Կրիմինալվարդենին (Շվեդիայի բանտերի և պրոբացիայի ծառայություն) «անհրաժեշտ նախապատրաստություններ իրականացնել» էստոնական ծրագրի համար։
Ստոկհոլմի և Տալլինի միջև հունիսին ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Բալթյան երկիրը մինչև 600 անձի տեղ է նախատեսում է տրամադրել։
Կրիմինալվարդենի վերջերս հրապարակված զեկույցի համաձայն՝ Շվեդիայի բանտարկյալների թիվը, ծայրահեղ դեպքում այս տարվա 7800-ից կարող է հասնել մինչև 41000–ի։ Այդ ամենը հնարավոր է լինի 2034 թվականին՝ ծայրահեղ աջակողմյանների կողմից ավելի ու ավելի խստացող պատժիչ քաղաքականության արդյունքում։
Շվեդիան չի կարողանում հաղթահարել բանտարկյալների թվի աճը, քանի որ կառավարությունը պայքարում է խմբակային հանցավորությամբ պայմանավորված բռնության աննախադեպ ալիքի դեմ։ Բանտային ծառայության ղեկավար Յոակիմ Ռիգամմարը հայտարարել է, որ շվեդական բանտերը գերբնակվածության պատճառով գտնվում են «ճգնաժամային իրավիճակում»։ Հատկապես անհանգստացնող է այն երեխաների թիվը, որոնց երկարատև բանտարկություններ են սպառնում։ Վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխության արդյունքում մինչև 15 տարեկան երեխաները հայտնվում են բանտում 10 տարի և ավելի ժամկետով։ Կառավարությունը, որը հենվում է ծայրահեղ աջակողմյան «Շվեդիայի դեմոկրատների» աջակցության վրա՝ ներկայումս քննարկում է ծանր հանցագործությունների համար քրեական պատասխանատվության տարիքը 15-ից 14 տարի իջեցնելու առաջարկը։




























