Ավազի և փոշու փոթորիկներն անդրադառնում են ավելի քան 150 երկրի շուրջ 330 միլիոն մարդու վրա և վնաս են հասցնում առողջությանը, տնտեսությանը և շրջակա միջավայրին, հայտնում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, փոխանցում է Associated Press-ը։

«Եգիպտոսում տարեկան արտանետվում է մոտ 2 միլիարդ տոննա փոշի, ինչը համարժեք է Գիզայի 300 մեծ բուրգերին»,- Գլխավոր ասամբլեայում հայտարարել է կազմակերպության՝ ՄԱԿ-ում ներկայացուցիչ Լորա Պատերսոնը։

Ըստ նրա, համաշխարհային փոշու ավելի քան 80%-ը գալիս է Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի անապատներից, սակայն այն գլոբալ ազդեցություն է ունենում, քանի որ մասնիկները կարող են հաղթահարել հարյուրավոր և նույնիսկ հազարավոր կիլոմետրեր՝ հատելով մայրցամաքներ և օվկիանոսներ։

Շաբաթ օրը Գլխավոր ասամբլեան նշել է Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարի միջազգային օրը և 2025-2034 թվականների ժամանակահատվածը հռչակել Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարի ՄԱԿ-ի տասնամյակ։

Ասամբլեայի նախագահ Ֆիլիմոն Յանգն ասել է, որ փոթորիկները «արագորեն դառնում են մեր ժամանակների ամենաթերագնահատված, բայց հեռահար գլոբալ խնդիրներից մեկը»։

Ըստ Յանգի, օդով տեղափոխվող ավազի և փոշու փոթորիկների մասնիկները տարեկան հանգեցնում են վաղաժամ մահվան 7 միլիոն դեպքերի։ Նա նշել է, որ դրանք առաջացնում են շնչառական և սրտանոթային հիվանդություններ և մինչև 25%-ով նվազեցնում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը՝ առաջացնելով սով և բնակչության միգրացիա։