Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը՝ հուլիսի 12-ը, հայտարարել է Ալֆրեդ Դրեյֆուսի ազգային հիշատակի օր։ Դրեյֆուսը ֆրանսիական բանակի կապիտան էր, ով 1894 թվականին սխալմամբ դատապարտվել է պետական դավաճանության համար, հայտնում է AFP-ն

«Այսուհետ, ամեն հուլիսի 12-ին, կանցկացվի Դրեյֆուսի հիշատակի արարողություն, որպեսզի նշվի արդարության և ճշմարտության հաղթանակը ատելության և հակասեմականության նկատմամբ», - ասվում է Մակրոնի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։

Առաջին նման օրը կնշվի 2026 թվականին՝ Ֆրանսիայի բարձրագույն վերաքննիչ դատարանի կողմից Դրեյֆուսին անմեղ ճանաչելու 120-ամյակին, ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան պետք է զգոն մնա հակասեմականության «հին ուրվականի» նկատմամբ։

Դրեյֆուսը՝ 36-ամյա բանակի կապիտան է եղել Ֆրանսիայի արևելյան Էլզաս շրջանից, որը 1894 թվականի հոկտեմբերին մեղադրվել է գերմանացի ռազմական կցորդին հրետանային նոր սարքավորումների մասին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ։ Մեղադրանքը հիմնված է եղել Փարիզում մի գերմանացու կողմից աղբամանում գտնված փաստաթղթի ձեռագրի համեմատության վրա։

Դրեյֆուսը դատարանի առաջ է կանգնել մամուլում բուռն հակասեմական քարոզարշավի ֆոնին։ Կապիտանին պաշտպանելու համար գրող Էմիլ Զոլան այդ ժամանակ գրել է իր հայտնի «J'accuse» («Ես մեղադրում եմ...») գրքույկը։ Չնայած ապացույցների բացակայությանը՝ Դրեյֆուսը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության մեջ և դատապարտվել է ցմահ բանտարկության Ֆրանսիական Գվիանայում գտնվող Սատանայի կղզու ուղղիչ գաղութում և հրապարակայնորեն զրկվել է իր կոչումից։

Սակայն փոխգնդապետ Ժորժ Պիկվարը՝ հետախուզական ծառայության ղեկավարը, գաղտնի կերպով կրկին հետաքննել է գործը և պարզել, որ կոմպրոմատային հաղորդագրության ձեռագիրը պատկանել է մեկ այլ սպայի՝ Ֆերդինանդ Վալսեն Էսթերհազիին։

Պիկվարը ապացույցները ներկայացրել է ֆրանսիական բանակի գլխավոր շտաբին, ինչի համար նրան հեռացրել են բանակից և մեկ տարով բանտարկել, իսկ Էսթերհազին արդարացվել է։

1899 թվականի հունիսին տեղի է ունեցել երկրորդ դատավարությունը, իչի համար նա կրկին վերադարձել է Ֆրանսիա։ Սկզբում նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, որից հետո նրան պաշտոնապես ներում է շնորհվել։ Միայն 1906 թվականի հուլիսի 12-ին տեղի ունեցած բազմաթիվ դժվարություններից հետո, վերաքննիչ բարձրագույն դատարանը չեղարկել է նախնական դատավճիռը, ինչի արդյունքում Դրեյֆուսն արդարացվել է։