«Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում, որտեղ հանգչում են 44-օրյա և քառօրյա պատերազմներում զոհված հերոսները, ընթանում են լայնածավալ վերանորոգման, բարեկարգման և կահավորման աշխատանքներ։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են Գյումրու քաղաքապետարանից:

Պանթեոնի տարածքում կատարվում է ասֆալտապատում, հարթեցում, խճապատում, բարելավվում է մուտքի և միջանցիկ ուղիների հասանելիությունը։ Միաժամանակ վերականգնվում և ամրացվում են ժամանակի ու եղանակային պայմանների հետևանքով վնասված գերեզմանաքարերը, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ փոխարինվում նոր հորինվածքներով։

Հատուկ ուշադրություն է դարձվում նաև եզրաքարերին, որոնք ևս վերականգնվում կամ նորոգվում են։ Ընթանում է նաև կանաչապատման և ընդհանուր տարածքի խնամքի, բարեկարգման աշխատանքներ։