«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող մոտ երկու տասնյակ ցմահ ազատազրկյալները հացադուլ չեն հայտարարի, թեեւ նախօրոք նման հայտարարություն էին արել:
ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ին հայտնեց, որ իրենք զրուցել են բանտարկյալների հետ, եւ վերջիններս դիմում են ներկայացնելու, որպեսզի Հայաստանի նախագահի ներկայացուցիչն այցելի իրենց եւ լսի իրենց պահանջները: Ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալները պահանջում են օրենքով նախատեսված կարգով վերանայել իրենց գործերը եւ իրենց պատիժները համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրանսգրքի փոփոխություններին, այսինքն` պատիժ սահմանեն 15-20 տարի ազատազրկման շրջանակներում:
Ըստ Գոռ Ղլեչյանի, արդարադատության նախարարությունը կապ չունի դատապարտյալների պատժաժամկետների հետ, այլ դրանք որոշված են դատարանների կողմից:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող մոտ 20 ցմահ դատապարտյալներ այսօր` հունվարի 17-ին հացադուլ են հայտարարելու: Նրանք 3 նամակ են պատրաստել ՀՀ նախագահին, Եվրախորհրդի եւ Կարմիր խաչի գրասենյակներին, որտեղ տեղեկացնում են իրենց մտադրության մասին եւ պահանջում, որ նախագահի ներկայացուցիչն այցելի իրենց եւ լսի իրենց պահանջը: Վերջին ամիսներին դատապարտյալները բազմիցս նամակներ են հղել պատկան մարմիններին, սակայն նամակներն անպատասխան են մնացել:




























