Ղազախստանի ԿԸՀ-ն ամփոփել է հունվարի 15-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները. Նազարբաեւի «Նուր Օթան» կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել` 80,99 տոկոս ստանալով: Ընդամենը խորհրդարանի ստորին պալատ են անցել երեք կուսակցություններ: Դեմոկրատական «Ակ ժոլ» կուսակցությունը ստացել է 7,47 տոկոս, կոմունիստական ժողովրդական կուսակցությունը` 7,19 տոկոս: Պաշտոնական հրապարակումից հետո նախագահը հայտարարելու է 5-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրը:
Ղազախական ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացրել Ալմաթիի հրապարակում: Կազմակերպիչը Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է, որ ստացել է 1,59 տոկոս: Դրա առաջնորդները հայտարարել են, թե չեն ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ պնդելու են, որ չեղյալ հայտարարվեն:
Նշենք, որ դիտորդները տարակարծություններ ունեն ընտրությունների ընթացքի շուրջ: ԱՊՀ-ն դրանք համարել է միջազգային չափորոշիչներին համապատասխանող, իսկ ԵԱՀԿ-ն համարել է ոչ ժողովրդավարական: ԱՄՆ Պետքարտուղարությունը համաձայնվել է ԵԱՀԿ գնահատականին:




























