Միացյալ Նահանգներն ու Բահրեյնը չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Պարսից ծոցի պետության թագաժառանգի հանդիպման ժամանակ քաղաքացիական միջուկային էներգետիկային վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Իր բահրեյնցի գործընկեր Աբդուլլատիֆ բին Ռաշիդ ալ-Զայանիի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ համաձայնագիրը ցույց է տալիս Միացյալ Նահանգների պատրաստակամությունը համագործակցելու ցանկացած երկրի հետ, որը ձգտում է ապահովել, որ քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագիրը «ուղղված չէ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը կամ չի սպառնում իր հարևանների անվտանգությանը»։

Նման կերպ նա ակնարկում էր Իրանին, որին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը մեղադրում են միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ։

Չորեքշաբթի ավելի ուշ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում հանդիպել է թագաժառանգ Սալման Համադ բին Իսա ալ Խալիֆայի հետ՝ քննարկելու համար Մերձավոր Արևելքի անվտանգությունն ու տնտեսական համագործակցությունը։

«Մենք, անձամբ ես, երկար տարիներ Բահրեյնի հետ հիանալի հարաբերություններ ունենք, և նրանք հիանալի դաշնակից են եղել», - բանակցություններից առաջ Բահրեյնի պատվիրակության ներկայությամբ լրագրողներին հայտարարել է Թրամփը։ Բահրեյնը ստորագրել է, այսպես կոչված, «Աբրահամի համաձայնագրերը», որոնք ընդունվել են Սպիտակ տանը Թրամփի առաջին ժամկետի ընթացքում։

Ըստ այդ համաձայնագրերի՝ Բահրեյնը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Մարոկկոն և Սուդանը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Իսրայելի հետ։