Սիրիայի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի հայտարարել է, որ սկսել է զորքերի դուրսբերումը դրուզներով բնակեցված Սուեյդա քաղաքից՝ բռնություններից տուժած քաղաքում նոր հրադադարի մասին հայտարարելուց մի քանի ժամ անց, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Սիրիական բանակը սկսել է զորքերի դուրսբերումը Սուեյդա քաղաքից՝ ըստ համաձայնագրի պայմանների, քաղաքը անօրինական խմբավորումներից մաքրելու աշխատանքներն ավարտելուց հետո»,- ասված է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Գերատեսչությունը, սակայն, չի հիշատակել քաղաքում տեղակայված կառավարական անվտանգության մյուս ուժերի դուրսբերման մասին։
Սիրիայի կառավարական ուժերը երեքշաբթի մտել են Աս-Սուեյդա՝ դրուզ համայնքի առաջնորդների հետ համաձայնեցված հրադադարի ռեժիմը կիրառելու նպատակով, երբ տեղի բեդվին ցեղերի հետ բախումները խլեցին ավելի քան 100 մարդու կյանք։ Սակայն ականատեսները հայտնել են, որ կառավարական զորքերը բեդվինների հետ միասին հարձակվել են դրուզների վրա, ինչը հանգեցրել է քաղաքում արյունալի անկարգությունների։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 300-ը։




























