Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում հաստատեց «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային   նպաստի տրամադրման կարգը։

Որոշման համաձայն Փարիզ 2024 օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ժամանակ 2022-2024 թվականներին սպորտային նպաստ է տրամադրվել Որոշմամբ սահմանված արդյունքները ցուցաբերած մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին, հավաքականների մարզիչներին, բժիշկներին և մերսողներին:

Փարիզ 2024 ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկները նվաճել են 4 մեդալ, այդ թվում՝ 3 արծաթե մեդալ (ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն և հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևերից) և 1 բրոնզե մեդալ հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևից:

«Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու համար անհրաժեշտ է ըստ Նախագծում բերված արդյունքների 2026-2028 թվականներին՝ 2026 թվականի հունվարից մինչև «Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերի ավարտը՝ 2028 թվականի օգոստոս ամիսը, սպորտային նպաստ տրամադրել մարզիկներին, հավաքականների մարզիչներին, անձնական մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: Նախագծով սահմանվում է սպորտային նպաստի տրամադրման կարգը, այդ թվում սպորտային նպաստի տրամադրման ժամկետները:

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից:

Նախագծում բերված գումարներով ըստ 2024 թվականի արդյունքների ընդհանուր գումարը մեկ տարվա համար կազմում է 406 մլն 800 հազար դրամ:

Այս որոշման  ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 2026, 2027 և 2028 թվականների  պետական բյուջեում ծախսերի ավելացում: