Կատուներն ու մարդիկ հազարամյակներ շարունակ ապրում են կողք-կողքի, բայց մենք դեռ շատ քիչ բան գիտենք մեր սիրելի կենդանիների վարքի մասին։ Օրինակ, թե ինչու է նրանց դուր գալիս նստել մեր նոութբուքների վրա, լիզել պլաստիկ տոպրակները կամ քսվել մեր ոտքերին։ Այժմ կատուների տերերը նկատել են ևս մեկ տարօրինակ վարքագիծ՝ բետոնի նկատմամբ անհիմն սերը։
Ամբողջ աշխարհում կատուների տերերը հայտնում են, որ կատուները, կարծես, տարօրինակ կիրք են տածում բետոնի նկատմամբ։ Ավելին, որոշ տերեր նույնիսկ շինարարական խանութներից իրենց կենդանիների համար տուն են բերել ուղղանկյուն բետոնե սալիկներ, գրում է Live Science-ը։
Այս հարցի շուրջ ուղղակի գիտական հետազոտություններ չկան, սակայն Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի կենսաբանության պրոֆեսոր Ջոնաթան Լոսոսը մի քանի գաղափար ունի այս կապակցությամբ, հաղորդում է Фокус-ը։ Մեր կատուները բնությունից հետաքրքրասեր են, և նրանց, հավանաբար, գրավում է բետոնի կառուցվածքը, ինչպես նաև դրա ձևը։
Ենթադրվում է, որ կատուներին դուր է գալիս կոշտ մակերեսի զգացողությունը. նման կառուցվածքը թույլ է տալիս կենդանիներին քորել և մաքրել իրենց՝ դիպչելով մարմնի այն մասերին, որոնց այլ կերպ չէին կարողանա հասնել։
Բետոնը նաև իդեալական վայր է տարածքը նշելու համար։ Կատուներն իրենց դնչի և մարմնի վրա ունեն հոտառական գեղձեր, որոնք ֆերոմոններ են արտադրում։ Այս ֆերոմոններն օգտագործվում են տարածքը նշելու և մոտակայքում գտնվող այլ կատուներին սոցիալական ազդանշաններ ուղարկելու համար։ Դրանք արտազատվում են, երբ կատուներն այդ հոտառական գեղձերը քսում են առարկաներին։
Փորձագետը նաև կարծում է, որ բետոնե բլոկները կարող են կատուներին գրավել ոչ թե հենց բետոնի պատճառով, այլ որովհետև կենդանիները բնությունից հետաքրքրասեր են։ Ըստ Լոսոսի, կատուները նվազագույնը հետաքրքրությամբ կարձագանքեն, եթե իրենց տանը նոր առարկա հայտնվի։
Փորձագետը նաև ընդունում է, որ անհրաժեշտ է փորձարկում անցկացնել՝ հասկանալու համար, թե ինչու է կատուներին իրականում այդքան հետաքրքրում բետոնը։ Դա ստուգելու համար Լոսոսն առաջարկում է կենդանիներին տալ հարթ պլաստիկից «բետոնե բլոկ» կամ նույն ձևն ունեցող փափուկ կատվի պառկելու տեղ։ Այնուհետև պետք է դիտարկել կենդանիներին՝ որոշելու համար, թե արդյոք նրանց գրավում է բետոնը, թե նրանք կփոխազդեն նմանատիպ ձևի ցանկացած նոր առարկայի հետ։
Լոսոսը նաև հարց է բարձրացնում, թե որքանով է տեսանյութերում բետոնի նկատմամբ կատուների արձագանքը կապված բլոկների ուղղանկյուն ձևի հետ։ Ըստ փորձագետի, դա հիշեցնում է մի քանի տարի առաջ վիրուսային դարձած մեկ այլ թրենդ, երբ հատակին քառակուսիներ կամ ուղղանկյուններ էին դրվում, հաճախ պարզապես կպչուն ժապավենով փակցված։ Տեսանյութերում կատուները հաճախ նստում էին այդ շրջանակների մեջ, և գիտնականները կենդանիների նման վարքագիծը կապում են տուփերի նկատմամբ նրանց սիրո հետ։
Հետազոտողներն արդեն պարզել են, որ կատուները սիրում են նստել տուփերում, քանի որ դա նրանց հարմարավետություն է տալիս։ Սակայն տուփերի նկատմամբ նրանց սերը դուրս է գալիս եռաչափ ուղղանկյուն ձևերի սահմաններից. կարծես թե կենդանիներին դուր են գալիս նաև երկչափ տուփերը։
Իրականում, 2021 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ կատուները նախընտրում են նստել քառակուսու երկչափ պատրանքի մեջ՝ ցույց տալով, թե որքան են նրանք սիրում հանգստանալ ուղղանկյուն տարածքներում։ Լոսոսը նշել է, որ բետոնե սալիկը նույնպես ուղղանկյուն է, ուստի այն կարող է կատուների մոտ բլոկների վրա նստելու բնազդ արթնացնել։