ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Բարաք Օբամային և ԱՄՆ ազգային անվտանգության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ մեղադրելով նրանց «պետական դավաճանության նպատակով դավադրության» մեջ, որի նպատակն էր ցույց տալ, թե 2016 թվականի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը ձեռք է բերվել Ռուսաստանի միջամտության շնորհիվ, գրում է The Guardian-ը։
Նա ասել է, որ Օբաման և նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները Հիլարի Քլինթոնի նկատմամբ Թրամփի հաղթանակից հետո «հիմք են դրել... բազմամյա պետական հեղաշրջման համար»՝ «կեղծելով հետախուզական տվյալները», որպեսզի ենթադրվի, թե Ռուսաստանը փորձել է ազդել ընտրությունների վրա։
Գաբարդը պնդում է, որ դրա համար օգտագործվել է բրիտանական հետախուզության վերլուծաբան Քրիստոֆեր Ստիլի պատրաստած դոսյեն, որի անվստահելի լինելու մասին նրանք գիտեին։
Ընտրություններից հետո ստացված հետախուզական գնահատականները հակասում էին մինչև ընտրությունները ստացված եզրակացություններին, որոնք վկայում էին, որ Ռուսաստանը, հավանաբար, չի փորձել միջամտել ընտրություններին։
«Տեղեկատվությունը, որը մենք այսօր հրապարակում ենք, հստակ ցույց է տալիս, որ 2016 թվականին տեղի է ունեցել պետական դավաճանության նպատակով դավադրություն, որն իրականացրել են մեր կառավարության ամենաբարձր մակարդակի պաշտոնյաները։ Նրանց նպատակն էր խաթարել ամերիկացի ժողովրդի կամքը և իրականացնել այն, ինչն ըստ էության բազմամյա պետական հեղաշրջում էր՝ նախագահին ամերիկյան ժողովրդի տված մանդատի կատարումից հեռացնելու փորձով։ Անկախ նրանից, թե որքան հզոր է այս դավադրության մեջ ներգրավված յուրաքանչյուր անձ, պետք է հետաքննվի և պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ՝ երաշխավորելու համար, որ նման բան այլևս երբեք չի կրկնվի։ Դրանից է կախված ամերիկացի ժողովրդի հավատը մեր ժողովրդավարական հանրապետության նկատմամբ, և, հետևաբար, մեր ազգի ապագան», - հայտարարել է Գաբարդը։
Նա հայտնել է, որ իր իրավացիությունը հաստատող փաստաթղթեր է փոխանցել արդարադատության նախարարություն։ Դրանք ներառում էին 2016 թվականի ընտրությունների հետ կապված կիբերսպառնալիքների վերաբերյալ Օբամայի վարչակազմի հետախուզական համայնքի մասամբ խմբագրված գնահատականը և մի շարք նախկինում գաղտնի ծառայողական գրառումներ, այդ թվում՝ Ջեյմս Կլեպերի գրասենյակից, որը Օբամայի օրոք զբաղեցնում էր ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը։
Կլեպերն այն մի քանի պաշտոնյաներից է, որոնց Գաբարդը նշել է որպես ենթադրյալ դավադրությանը բացահայտորեն ներգրավված անձանց։ Մյուսների թվում են ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրենանը, այն ժամանակվա պետքարտուղար Ջոն Քերին, ազգային անվտանգության հարցերով այն ժամանակվա խորհրդական Սյուզան Ռայսը, ՀԴԲ-ի այն ժամանակվա փոխտնօրեն Էնդրյու Մաքքեյբը, որը հետագայում կոնֆլիկտի մեջ մտավ Թրամփի հետ, և հենց ինքը՝ Օբաման։