Զայրացած անցորդները վարորդին դուրս են հանել մեքենայից և կրակել նրա վրա այն բանից հետո, երբ, ըստ ոստիկանության հայտարարության, նա դիտավորյալ մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ Լոս Անջելեսում, ինչի հետևանքով յոթ մարդ ծանր վիրավորվել է, ևս առնվազն 23 մարդ տուժել է գիշերային ակումբի մոտ շաբաթ օրը վաղ առավոտյան, հայտնում է NBC News-ը։

Տարածքի տեսախցիկները դեռ ստուգվում են, սակայն, ըստ ամենայնի, միջադեպը դիտավորյալ է եղել, հայտնում է Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը։

Լոս Անջելեսի պարեկային ոստիկանները ժամը երկուսի սահմաններում արձագանքել են Արևելյան Հոլիվուդում՝ Վերմոնթ պողոտայի և Սանտա Մոնիկա բուլվարի խաչմերուկի մոտ մահացու զենքի կիրառմամբ հարձակման մասին կանչին։

«Երբ սպաները ժամանել են, նրանք տեսել են, որ վարորդի վրա հարձակվում են անցորդները, և պարզել են, որ նա հրազենային վնասվածք է ստացել», - ասվում է Լոս Անջելեսի ոստիկանության թարմացված հաղորդագրության մեջ։

Լոս Անջելեսի ոստիկանության սերժանտ Թրևիս Ուորդը հայտնել է, որ վարորդը վիրավորվել է բախումից հետո, տեղափոխվել հիվանդանոց և վիրահատվել։ Այդ պատճառով, ըստ նրա, Լոս Անջելեսի ոստիկանությունը չի կարողացել պարզել՝ արդյոք վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Լոս Անջելեսի ոստիկանությունը վարորդի վրա կրակած անձին նկարագրել է որպես «լատինաամերիկացի տղամարդու՝ մոտ 5 ֆուտ 9 դյույմ (մոտ 175 սմ) հասակով, 180 ֆունտ (մոտ 81 կգ) քաշով, ճաղատ, հագին՝ կապույտ շապիկ, և, հնարավոր է, զինված արծաթագույն ատրճանակով»։

Ըստ Լոս Անջելեսի ոստիկանության հայտարարության՝ տղամարդը դեպքի վայրից ոտքով դիմել է փախուստի։