Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կիրակի օրը նշել է Կիպրոս Թուրքիայի ներխուժման 51-րդ տարելիցը՝ այն անվանելով «մռայլ տարելից», որը շարունակում է հիշողություններ արթնացնել «կոպիտ բռնության, կորուստների և տեղահանումների» մասին, ինչպես նաև ուժեղացնում է կղզու վերամիավորման կոչը, հաղորդում է Kathimerini-ն։

«Վերամիավորման համար պայքարն ավելի է ուժեղանում», - ասվում է Միցոտակիսի հայտարարության մեջ, որը Կիպրոսը ապագայում նկարագրել է որպես «ժամանակակից եվրոպական պետություն՝ առանց օկուպացիոն ուժերի, որը պատրաստ է ծառայել որպես կայունության և խաղաղության փարոս Արևելյան Միջերկրականի անհանգիստ ջրերում»։

Նա ընդգծել է, որ «կիպրական հարցի արդարացի լուծում են պահանջում միջազգային իրավունքը և XXI դարի արժեքները»՝ ավելացնելով, որ տարածաշրջանային համատեքստի հրատապությունն առաջընթացն էլ ավելի կարևոր է դարձնում։ Նա կոչ է արել վերսկսել բանակցությունները ՄԱԿ-ի աջակցությամբ, ընդ որում Հունաստանն ու Կիպրոսը պետք է շարժվեն «բացարձակ համագործակցությամբ»։

«Չեմ մոռանում» կարգախոսը մնում է արդիական», - ասել է նա՝ նշելով Կիպրոսի մշտական ջանքերն իր ինքնիշխանությունը վերականգնելու ուղղությամբ և Հունաստանի հանձնառությունն ամրապնդելու պաշտպանությունն ու դիվանագիտությունը։

«Արդարության համար պայքարն ընդհանուր է, և այն հաղթանակով կպսակվի։ Ինչպես պահանջում են Եվրոպան, աշխարհի ժողովուրդները և հենց ինքը՝ պատմությունը», - ավելացրել է Հունաստանի վարչապետը։