Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման գործընթացը մնում է երկարատև և բարդ, սակայն Վաշինգտոնում սկսում են ավելի շատ գիտակցել դրա դժվարությունը։ Այս մասին նա պատմել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
«Սա երկարատև գործընթաց է, այն ջանքեր է պահանջում։ Այն բարդ է։ Եվ, ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնում ավելի ու ավելի շատ են դա հասկանում»,- նշել է Պեսկովը։
Նա նաև ընդգծել է, որ ռուսաստանյան կողմը պատրաստ է արագ առաջընթացի և կարևոր է համարում իր նպատակներին հասնելը հատուկ ռազմական գործողության շրջանակներում։
Պուտինի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս է խոսել ուկրաինական կարգավորումը հնարավորինս շուտ խաղաղ հուն տեղափոխելու ցանկության մասին։ Պեսկովը հիշեցրել է, որ «Ռուսաստանի նպատակները մնում են անփոփոխ և հասկանալի»։
Նա նաև հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հանդիպումն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ անհրաժեշտ է և անպայման տեղի կունենա։