Հարյուրավոր մարդկանց տեղափոխող ուղևորատար լաստանավը կիրակի օրը բռնկվել է ծովում՝ Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու մոտ։ Առնվազն հինգ մարդ զոհվել է, հաղորդում է Associated Press-ը։
Փրկվել է ավելի քան 280 մարդ, տարհանման աշխատանքները շարունակվում են։
KM Barcelona 5 լաստանավը Թալաուդից՝ նահանգի կղզային շրջանից, ուղևորվում էր դեպի Մանադո՝ Հյուսիսային Սուլավեսի նահանգի մայրաքաղաք, երբ բռնկվեց Թալիսեի մոտակա ջրերում, հայտնել է Ինդոնեզիայի նավատորմի հրամանատար, փոխծովակալ Դենիհ Հենդրատան։
Նա նշել է, որ ներգրավվել է երեք ռազմանավ, և այս պահին տարհանվել է 284 ուղևոր և անձնակազմի անդամ։ Փրկարարական գործողությանը մասնակցել են նաև տեղի ձկնորսները, որոնք օգնել են անհանգիստ ջրերում փրկարարական բաճկոններով մոտակա կղզիներ քշվածներին։
Փրկարարները հինգ մարմին են դուրս բերել, այդ թվում՝ հղի կնոջ։
Տուժածների մասին դեռևս չի հաղորդվում, լաստանավում գտնվող ուղևորների և անձնակազմի անդամների ճշգրիտ թիվը պարզված չէ։
«Մենք շարունակում ենք կենտրոնացած մնալ տարհանման աշխատանքների վրա»,- ասել է Հենդրատան՝ հավելելով, որ հրդեհի պատճառը պարզվում է։