Գերմանիան «հնարավորինս շուտ» Ուկրաինային հինգ միավոր Patriot համակարգեր կմատակարարի։ Նախագծի մասին «Ռամշտայն» ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Նա հավելել է, որ համակարգերի մատակարարման ծրագիրը կորոշվի առաջիկա օրերին։
«Գերմանիան լրացուցիչ ՀՕՊ համակարգեր և անհրաժեշտ զինամթերք կտրամադրի։ Բացի դրանից, անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած իմ այցի ժամանակ ես համաձայնության եկա Փիթ Հեգսեթի հետ, որ Գերմանիան հնարավորինս շուտ կմիանա հինգ անհապաղ անհրաժեշտ Patriot համակարգերի մատակարարմանը», -ըստ РБК-Украина-ի՝ հայտարարել է Պիստորիուսը։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը եվրոպացի դաշնակիցներին կոչ է արել օգնել ֆինանսավորելու ԱՄՆ-ից Patriot համակարգերի գնումը։
«Միացյալ Նահանգներին խնդրում եմ այդ զենքը հասանելի դարձնել գնման համար, իսկ մեր եվրոպացի գործընկերներին՝ տրամադրել դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ ամբողջ ֆինանսավորումը», - շեշտել է նա։
«Ռամշտայն» ձևաչափով 29-րդ հանդիպումը տեղի է ունենում առցանց։ Միացյալ Նահանգները ներկայացնում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը։ Դա Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի առաջին հանդիպումն է, որին Դենիս Շմիգալը ներկա է որպես պաշտպանության նախարար։





























