Մոսկվայի մարզում տեղումների պատճառով 24 ժամվա ընթացքում երկրորդ կամուրջն է փլուզվել, այս մասին TASS-ին հայտնել են արտակարգ ծառայությունները։

«Իստրայի շրջանում առատ տեղումների և ջրի մակարդակի բարձրացման պատճառով՝ Պեսոչնայա գետի վրա տեղի է ունեցել կամրջի փլուզում։ Մի քանի տուն կտրվել է հաղորդակցությունից», - ասել է գործակալության զրուցակիցը։

Բացի այդ, դժվարացել է «Սիսոևո Պարկ» ամառանոցային և քոթեջային բնակավայրեր մտնելը։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ և կոմունալ ծառայությունները։

Ավելի վաղ՝ երկուշաբթի առավոտյան, Նարա-Ֆոմինսկի շրջանում անձրևների պատճառով կամուրջ է քանդվել։ Դրա հետևանքով հաղորդակցությունից կտրվել են Ալեքսինո գյուղի մի հատվածը, ինչպես նաև «Վերեյսկոյե» և «Իսմա» ամառանոցային համայնքները։