Տեխասի իշխանությունները հայտնաբերել են նահանգում տեղի ունեցած լայնածավալ ջրհեղեղի հետևանքով անհետ կորած մոտ 170 մարդկանց և նրանց մեծ մասն ապահով վայրում է։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Քեր շրջանի դատավոր Ռոբ Քելլիին։
«Անհետ կորածների մեծ մասը զբոսաշրջիկներ են եղել, ովքեր եկել են քաղաք, այնուհետև հեռացել և վերադարձել տուն՝ չտեղեկացնելով իրենց գտնվելու վայրի մասին», - ասել է Քելլին։
Անհետ կորածների ցուցակից մինչ օրս չհայտնաբերված են մնում երեք մարդ։
Ավելի վաղ նահանգի իշխանությունները հայտնել են, որ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է առնվազն 135-ի, որոնց մեծ մասը մահացել է Քեր շրջանում։ Հուլիսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրության ռեժիմ է մտցրել շրջանի տարածքում։
ԱՄՆ հարավում խոշոր ջրհեղեղը է սկսվել հուլիսի 4-ին։ Վերջին անգամ նման մասշտաբի ջրհեղեղ երկրում տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերին, երբ փոթորիկի հետևանքով ափերից դուրս են եկել Ֆլորիդայի, Ջորջիայի, Հյուսիսային և Հարավային Կարոլինայի գետերը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 230 մարդ։ Տեխասում տարերային աղետի ականատեսների վկայությամբ՝ ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ նրանք չեն ստացել մոտալուտ արտակարգ իրավիճակի մասին նախազգուշացումներ, մինչդեռ Սպիտակ տունը հայտարարում է, որ Ազգային օդերևութաբանական ծառայությունը ժամանակին զգուշացրել է ջրհեղեղի սպառնալիքի մասին։





























