Մոսկվայի և Կիևի միջև փոխանակված խաղաղ կարգավորման հուշագրերի նախագծերը պետք է դառնան ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլի հիմնական թեման։ Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է TASS-ը։
«Բանակցությունների թեման բավականին բարդ է. բացի այլ հարցերից, իհարկե, պետք է քննարկել այն հուշագրերի նախագծերը, որոնք փոխանակվել են երկրորդ փուլի ընթացքում», - հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել Ստամբուլում՝ հունիսի 2-ին։ Դրա արդյունքում կողմերը փոխանակվել են խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերով, ինչպես նաև պայմանավորվել են ծանր վիրավոր ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման մասին։ Մոսկվան Կիևին է փոխանցել հազարավոր զոհվածների մարմիններ։




























