Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել, որը գլխավոր դատախազին լիազորություններ է տալիս վերահսկելու կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների գործունեությունը, ըստ РБК-Украина-ի՝ իր թելեգրամյան ալիքում հայտնել է ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

«Խորհրդարանն ամբողջությամբ քվեարկեց թիվ 12414 օրինագծի օգտին և փաստորեն վերացրեց Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն գրասենյակի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության ամբողջ անկախությունը», - գրել է նա։

Նրա տվյալներով՝ նախագիծը պաշտպանել է 263 պատգամավոր։

Օրինագիծը նախատեսում է հետևյալ դրույթները՝ գլխավոր դատախազին տրամադրվում է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն գրասենյակի  բոլոր գործերին հասանելիության հնարավորություն։

Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, Ռադայում թիվ 12414 օրինագծի քննարկումից առաջ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները հայտարարություն են տարածել՝ պատգամավորներին կոչ անելով չաջակցել նախաձեռնությանը։

Օրենքն ընդունվել է, երբ Ուկրաինայի ազգային անվտանգության վարչությունը դիմել է մասնագիտացված կոռուպցիայի դեմ պայքարի դատախազություն՝ պետական գաղտնիքների մասին օրենսդրության պահպանման ստուգում անցկացնելու համար։ Բացի դրանից, լայնածավալ խուզարկություններ են իրականացվել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն գրասենյակի խուզարկուների տներում՝ «ռուսական ազդեցությունը չեզոքացնելու» նպատակով։

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն գրասենյակի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության նկատմամբ իշխանությունների վերջին գործողությունների առնչությամբ։ Եվրոպական հանձնաժողովի խոսնակը հայտարարել է, որ ԵՄ-ն զգալի ֆինանսական օգնություն է տրամադրում Ուկրաինային՝ պայմանով, որ առաջընթացը լինի թափանցիկության, դատական բարեփոխումների և ժողովրդավարական կառավարման ոլորտներում։

Վերանշյալ երկու մարմինները կազմում են կոռուպցիայի դեմ պայքարի տանդեմ, որտեղ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն գրասենյակն անցկացնում է հետաքննություններ, իսկ Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունն ապահովում է վերահսկողություն և գործերը ուղարկում դատարան։ Նրանց արդյունավետ աշխատանքը Ուկրաինայի արևմտյան գործընկերների, մասնավորապես՝ ԵՄ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հիմնական պահանջն է՝ ֆինանսական և քաղաքական աջակցության առումով։