ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Սպիտակ տանն ընդունել է Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերին, հաղորդում է Associated Press-ը։

Մարկոսը, որը երկուշաբթի հանդիպել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ, Հարավարևելյան Ասիայի առաջին առաջնորդն է, որը բանակցություններ է վարել Թրամփի հետ՝ նրա երկրորդ ժամկետի ընթացքում։

Երեքշաբթի, երբ երկու առաջնորդները նստած էին Օվալաձև աշխատասենյակում՝ լրագրողների առջև, Թրամփն ասել է, որ իրենք խոսելու են «պատերազմի և խաղաղության» և առևտրի մասին։

«Մենք շատ մոտ ենք առևտրային համաձայնագրի կնքմանը, իսկապես մեծ առևտրային համաձայնագրի»,-շեշտել է Թրամփը։

Մարկոսը ջերմությամբ է արձագանքել երկու երկրների միջև հարաբերությունների մասին: «Մեր հարաբերությունները դարձել են այնքան կարևոր, որքան դա հնարավոր է»,- ասել է նա:

Երկու առաջնորդների լրատվական տեսախցիկների առջև հանդիպման ժամանակ նրանք չեն բացահայտել որևէ հնարավոր գործարքի մանրամասներ կամ նրբություններ, սակայն Թրամփը Մարկոսին «կոշտ բանակցող» է անվանել: Լրագրողի հարցին, թե ինչպես է նա մտադիր հավասարակշռել իր երկրի հարաբերությունները Միացյալ Նահանգների և Չինաստանի հետ, Մարկոսը պատասխանել է, որ դրա անհրաժեշտությունը չկա, «քանի որ մեր արտաքին քաղաքականությունն անկախ է»։

«Մեր ամենաուժեղ գործընկերը միշտ եղել է Միացյալ Նահանգները»,- նշել է նա։