Microsoft SharePoint ծրագրային ապահովման վրա իրականացված հաքերային հարձակումը ազդել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության կազմում գործող Ազգային միջուկային անվտանգության վարչության վրա։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ հաքերներին չի հաջողվել գաղտնի տեղեկատվություն ստանալ։ Էներգետիկայի նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ հարձակումը «մինիմալ կերպով» է ազդել կառույցի վրա և մասնագետները վերականգնում են «տուժած համակարգերը»։
Microsoft ընկերության հայտարարության համաձայն՝ հաքերային հարձակումների հետ կարող են առնչություն ունենալ Linen Typhoon և Violet Typhoon խմբավորումները, որոնք, ըստ ենթադրությունների, կապված են Չինաստանի հետ։





























