Թեեւ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից անցել է արդեն հինգ տարի, սակայն քաղաքացիական հասարակությունը նախկինի նման անհանգստացած է, որ հանցագործուիթյան իրական մեղավորների վերաբերյալ ապացույցները մինչեւ այժմ բացահայտնված չեն եւ արդարության հանրային զգացումը բավարարված չէ: Այդ մասին գրում է թուրքական «Today`s Zaman»-ը:
«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում թերթի խմբագրության գրասենյակի մոտ ծայրահեղ-ազգայնական անչափահասի կողմից: Կասկածյալ հանցագործն ու նրա հանցակիցը կանգնեցին դատարանի առաջ, սակայն դավադրության կազմակերպիչները մինչեւ այսօր բացահայտված չեն:
Դատախազը սեպտեմբերին մատնանշեց «Էրգենեկոնի» տրաբզոնյան բջիջը որպես Դինկի սպանության ոգեշնչող, սակայն սպանության նախապատրաստման եւ իրագործուրմից հետո ապացույցները քողարկելու մեղադրանքով, բազմաթիվ պետական պաշտոնյաներ դատարան չկանչվեցին:
Դատական գործընթացն արդեն ստվերել են վերացված ձայնագրություններն ու ֆայլերը, ինչը ստիպում է կասկածել ոստիկանությանը: Ապացույցների մեծ մասը ցույց է տալիս, որ սպանությունը հնարավոր էր կանխել: Ոստիկանությունը սպանությունից մի քանի ամիս առաջ արդեն տեղեկացված է եղել հնարավոր մահափորձի մասին:
Ապշեցնում է նաեւ այն, որ բացահայտվել են ոստիկանության եւ կասկածյալների կապերը: Օրինակ` Էրհան Թունջելին, որը սպանության առանցքային կասկածյալներից է, նախկինում եղել է ոստիկանության իրազեկիչ: Թունջելին կասկածվում է Դինքի սպանությունը հրահրելու մեջ: Սակայն Թունջելիի դոսյեն ոստիկանությունում ոչնչացվել է: Պաշտոնյաներն ասում են, որ այդ տեղեկությունները «պետական գաղտնիք» են:
Հետաքննությունը բազմաթիվ ապացույցներ տվեց, որ դավադրության ոգեշնչողները կապեր են ունեցել Ստամբուլի, Տրաբզոնի եւ Անկարայի հետ, գրում է թուրքական պարբերականը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանում հունվարի 17-ին կայացվեց Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը։
Հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց, սակայն դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում էկայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:
Դինքի փաստաբաններից Արզու Բեջերիքը նիստից առաջ շեշտել է, թե եթե այսկերպ ավարտվի դատը, այն կլինի խիստ թերի, քանի որ հեռահաղորդակցության վարչության կողմից ուղարկված հեռախոսային ձայնագրությունները պատշաճ չեն ուսումնասիրվել, մի շարք անձիք չեն ներառվել դատական գործընթացին։
Նշենք, որ թուրքական դատարանը ավելի վաղ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթին դատապարտել է 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս՝ անօրինական զենք կրելու համար։ Ըստ այդմ, Սամասթի պատժաչափը հասել է 22 տարի 10 ամսվա:
Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝ նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել էր, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել:




























