Մոսկվան քննարկում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում Երևանի հետ համագործակցությունը և մտահոգություն է հայտնում որոշ հարցերի վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների խնդրանքով մեկնաբանելով Երևանի Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցության հեռանկարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այստեղ խոսքը [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանի ԵՄ-ին անդամակցելու անսասան ցանկության մասին չէ», - նշել է նա՝ կրկնելով լրագրողների հարցի ձևակերպումը: «Իհարկե, մենք քննարկում ենք ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հարցեր: Եվ այս տեսանկյունից մենք ուշադրություն ենք դարձնում Հայաստանի կողմից կարգավորող և իրավական ոլորտում կայացված որոշումներին: Կան որոշ կառավարական ակտեր, որոնք մեզ համար հարցեր են առաջացնում»:

Օվերչուկը բացատրել է, որ դրանք, մասնավորապես, ապրանքների սերտիֆիկացման հարցեր են: «Խոսքը վերաբերում է Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների չափանիշներին համապատասխան սերտիֆիկացված սննդամթերքի ընդունմանը, որոնք չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացմանը։ Իհարկե, մենք մտահոգություններ ենք հայտնում նման հարցերի վերաբերյալ», - ասել է  փոխվարչապետը։