Ֆիլիպիններում հինգշաբթի դպրոցները փակվել են, չվերթները՝ չեղարկվել՝ Լուսոն կղզու հյուսիսային մասում տեղի ունեցած ուժեղ անձրևների պատճառով, իսկ նախագահ Ֆերդինանդ Մարկոսն իրավիճակը «նոր նորմա» է անվանել, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ազգային աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ «Կոհ Մեյ» թայֆունը, որը գիշերը թուլացել է՝ վերածվելով արևադարձային փոթորկի, հարվածել է մի քանի օր տևող մուսսոնային անձրևներից հետո, որոնց հետևանքով հուլիսի 18-ից ի վեր կղզեխմբում զոհվել է առնվազն 19 մարդ, իսկ 11 մարդ համարվում է անհայտ կորած։

Երկրի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ թայֆունը, ըստ կանխատեսումների, ուրբաթ առավոտյան կհասնի արևմտյան ափին՝ Լա Յունիոն կամ Իլոկոս Սուր նահանգ, իսկ քամու առավելագույն արագությունը կկազմի ժամում 120 կիլոմետր (75 մղոն):

Նախագահ Մարկոսը հինգշաբթի հայտարարել է, թե կլիմայի փոփոխությունը ֆիլիպինցիներին պետք է ստիպի մտածել՝ ինչպես հարմարվել «նոր նորմային»։

Ֆիլիպիններում հինգշաբթի մոտ 70 ներքին և միջազգային չվերթ չեղարկվել է փոթորիկների պատճառով, հայտնել է Քաղաքացիական ավիացիայի վարչությունը։

Կառավարությունն ավելի ուշ հայտարարել է, որ Լուսոնում դասերը կդադարեցվեն մինչև ուրբաթ։

Այս շաբաթվա սկզբին Մանիլայում տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվեցին ջրհեղեղի պատճառով, որի հետևանքով որոշ շրջաններ կիսով չափ ջրի տակ էին մնացել, իսկ մոտակա նահանգների բնակիչները մնացել էին խրված և նավակով փրկարարական օգնության կարիք ունեին։ Հինգշաբթի օրվա դրությամբ Մանիլայում առնվազն մի քանի հազար մարդ դեռևս չէր կարողանում տուն վերադառնալ: