ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային երկու նոր զենքի փաթեթների վաճառքը՝ ընդհանուր 330 միլիոն դոլարի չափով, հայտնել է Պենտագոնը: Փաթեթներից մեկը, որի արժեքը 180 միլիոն դոլար է, ուղղված կլինի Ուկրաինայի զինված ուժերի ՀՕՊ համակարգերի ամրապնդմանը: Այն ներառում է նաև անհրաժեշտ սարքավորումների (պահեստամասեր, սպառվող նյութեր և այլն) մատակարարում, ինչպես նաև ամերիկյան համակարգերի վերապատրաստման և սպասարկման ծառայություններ:

Երկրորդ փաթեթը, որի արժեքը 150 միլիոն դոլար է, ուղղված է M109 ինքնագնաց հրանոթների արդիականացմանը: Այն ներառում է վերանորոգման և խոշոր վերականգնման սարքավորումներ, տեխնիկական օգնություն, վերապատրաստում և լոգիստիկ աջակցություն: Նշվում է, որ Ուկրաինան պաշտոնապես դիմել է այս օգնությանը՝ իրեն փոխանցված հաուբիցների մարտական պատրաստվածությունը պահպանելու համար:

Պենտագոնը ընդգծել է, որ այս գործարքը համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին և ուղղված է Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդմանը՝ շարունակվող ռուսական ագրեսիայի պայմաններում:

Մեկ օր առաջ՝ հուլիսի 23-ին, Վաշինգտոնը նույնպես հաստատել է Ուկրաինային տրամադրվող երկու օգնության փաթեթ՝ մոտ 322 միլիոն դոլարի չափով: Այդ ժամանակ մատակարարումների ցանկում էին HAWK III փուլի հակաօդային պաշտպանության համակարգեր, արբանյակային սարքավորումներ, ինչպես նաև Bradley հետևակի մարտական մեքենաներ, վերանորոգման և սպասարկման ծառայություններ։