Reuters լրատվական գործակալությունը, հղում անելով իր հետաքննությանը, հաղորդում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին հնդկական մի ընկերություն Ռուսաստանին վաճառել է օկտոգեն պայթուցիկ նյութի մի խմբաքանակ, այդ թվում՝ զենքի արտադրության համար օգտագործվող։
Reuters-ի փոխանցմամբ՝ պայթուցիկների գնորդների թվում էր ռուսական «Պրոմսինտեզ» ընկերությունը, որը, ըստ ուկրաինական հետախուզական ծառայությունների, կապված է ռուսական բանակի հետ։ Ապրիլին այս ընկերությանը պատկանող գործարաններից մեկը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։
Ինչպես նշվում է հետաքննության մեջ, հնդկական «Իդեալ Դետոնատորս Փրավիթ Լիմիթեդ» ընկերությունը Սանկտ Պետերբուրգ է ուղարկել օկտոգենի երկու խմբաքանակ։ Դրանցից մեկը՝ 405,2 հազար դոլարով, գնել է ռուսական «Հիփ Թեքնոլոջի Ինիթիեյշն Սիստեմս» (HTIS) ընկերությունը, իսկ երկրորդը՝ ավելի քան 1 միլիոն դոլարով՝ «Պրոմսինտեզ»-ը։ Այս երկու ընկերություններն էլ գտնվում են Սամարայում։
Հրապարակման մեջ ասվում է, որ ԱՄՆ կառավարությունը HMX-ը համարում է «կենսական նշանակություն ունեցող ռուսական ռազմական մեքենայի համար» և զգուշացնում է ֆինանսական հաստատություններին չմասնակցել Ռուսաստանին նյութի վաճառքին պատժամիջոցների սպառնալիքի տակ։
Պենտագոնի տվյալներով՝ HMX-ը օգտագործվում է հրթիռների և տորպեդոների համար նախատեսված մարտագլխիկներ, հրթիռային շարժիչներ և ժամանակակից զենքի համակարգերի համար նախատեսված այլ պայթուցիկ սարքեր արտադրելու համար։





























