Ռուսաստանում անհրաժեշտ է «ակտիվացնել» ստեղծագործական արդյունաբերության աշխատանքը և ստեղծել չինական հայտնի խաղալիքի՝ «Լաբուբու»-ի սեփական տարբերակը, հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։ «Չինաստանից մի գործարար հիմա տիկնիկ է պատրաստել, կարծեմ՝ այն Լաբուբու» է կոչվում։

Այլանդակ տիկնիկ է, առանձնապես տեսք էլ չունի, բայց ամբողջ աշխարհը տարված է այդ տիկնիկով։ Բոլորն այս տիկնիկը կրում են իրենց պայուսակների վրա, այն նորաձև է, ոճային է, չգիտեմ՝ ինչպես են հասցնում այստեղ։ Մարդը տասնյակ միլիարդներ է վաստակել այս ապրանքներից ամբողջ աշխարհում», -ըստ The Moscow Time-ի՝ ասել է Մատվիենկոն։

Նա նշել է, որ ներկայում նմանատիպ ռուսական արտադրանքն աշխարհում ժողովրդականություն չի վայելում։ «Մեր մատրյոշկաներով այլևս ոչ մեկին չես զարմացնի», - դժգոհել է Մատվիենկոն՝ հավելելով, որ ոչ ոք դրանք իր պայուսակների վրա չի կախում։ «Իսկ մերո՞նք որտեղ են։ Ահա այդպիսի առաջադեմ, նոր, ստեղծագործական արտադրանքներ, որոնք պահանջարկ կունենան մեր երկրում և կարող են դառնալ նորաձևության միտում աշխարհում»։ — հարցրել է Դաշնության խորհրդի խոսնակը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը «հարուստ է ժողովրդական արվեստով», բայց տաղանդավոր մարդկանց «փոքր-ինչ աջակցել է» պետք։

Լաբուբուները գունագեղ մորթուց հրեշների տեսքով փոքրիկ խաղալիքներ են, որոնք նորաձևության թրենդ են դարձել ամբողջ աշխարհի երեխաների և չափահասների շրջանում։ Տիկնիկի կերպարը ստեղծել է Հոնկոնգում ծնված դիզայներ և գրող Լոնգ Ցզյաշենգը (Կասինգ Լոնգ)։ 2015 թվականին նա սկսել է The Monsters կարճ պատմվածքների շարք գրել, որի վրա մեծ ազդեցություն է թողել սկանդինավյան դիցաբանությունը։ 2019 թվականին Լոնգ Ցզյաշենգը պայմանագիր կնքեց չինական Pop Mart ընկերության հետ, որը սկսել է նրա կերպարների վրա հիմնված տիկնիկներ արտադրել։

Լաբուբուն թողարկվում է ավելի քան 300 տարբեր նրբերանգներով, ձևերով և չափսերով։ Խաղալիքները հատկապես մեծ ժողովրդականություն ձեռք բերեցին վաճառքի ձևաչափի շնորհիվ. գնորդը չգիտի, թե որ տիկնիկը կստանա, մինչև տուփը չբացի։ Նման մոտեցումը խթանում է հետաքրքրասիրությունը և խրախուսում է հավաքածու ունենալ, հատկապես հազվագյուտ կերպարներից։